ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Շնորհավո՛ր ծնունդդ, Վարպետ

Շնորհավո՛ր ծնունդդ, Վարպետ
21.08.2009 | 00:00

ՀՈԲԵԼՅԱՆ
Լրացավ հայ կինոյի և թատրոնի անվանի, անխոնջ և համեստ մշակներից մեկի` արվեստի վաստակավոր գործիչ, ժողովրդի կողմից ժողովրդական դերասան ճանաչված Երվանդ Մանարյանի 85-ամյակը:
Ամեն արվեստագետի չի հաջողվում իր գործունեության սկզբից մինչև հասուն տարիքը պահպանել հոգու, մտքի թարմությունն ու ավյունը, քաղաքացիական սկզբունքային կեցվածքը և մշտապես վայելել հասարակության սերն ու համակրանքը: Այսպիսի արվեստագետ է Երվանդ Մանարյանը, որի դերակատարումները հիացրել են շատ սերունդների և շարունակում են հիացնել նորերին: Մանարյանն իր տաղանդով և անդուլ աշխատանքով իրավունք է վաստակել քայլելու այն թատերական մայրուղով, որը բացել են նրա հզոր նախորդները, և հիրավի անջնջելի վաստակ ունի այդ մայրուղու շարունակականության պատասխանատու և դժվարին գործում:
Ժողովուրդների կյանքում լինում են ժամանակահատվածներ, երբ գաղափարական քաոսն է իշխում: Արվեստների և արվեստագետների համար նման իրավիճակը դաժան փորձություն է: Այդ փորձության միջով է այսօր անցնում հայ մշակույթը, այդ փորձությանն են փորձում դիմակայել հայ արվեստագետները: Ցավով պետք է փաստել, որ պատկերն ավելի տխուր է: Մտավորականը նա չէ, ով զբաղվում է միայն մտավոր գործունեությամբ: Մտավորականը նա է, ով դրան զուգահեռ մարմնավորում է ազգի խիղճը և չի երկնչում պայքարելուց այդ խղճի անաղարտության և հաղթանակի համար: Սա է Մանարյանի հավատո հանգանակը, ահա թե ինչու մերօրյա տխուր խորապատկերի վրա նա երևում է որպես լուսավոր կետ, որպես ճշմարիտ Քաղաքացի-Մտավորական-Արվեստագետ:
Հասուն տարիքի իմաստությամբ նա զրուցում է, հորդորում, խրատում: Իր տարիքի համար զարմանալի աշխուժությամբ նա փնտրում է, ձգտում ու գնում է դեպի գեղեցիկը և առանձնապես դեպի մանուկները: Մանարյանը մանուկների հետ, նրանց շրջապատում իրեն լավ է զգում, և երևի նրանց հոգու անմեղությունը, անկեղծ ծիծաղն ու զարմանքը դառնում են նրա համար էներգիայի անսպառ աղբյուր: Նրա ղեկավարած «Ագուլիս» մանկական թատրոնը, ուր երեխաները խաղում են երեխաների համար, մի լուսավոր օազիս է նրանց անաղարտ հոգիներն անողոքաբար ալեկոծող հեռուստաեթերի աղբածովում:
Շնորհավո՛ր ծնունդդ, մեր սիրելի ավագ ընկեր և բարեկամ: Եղի՛ր ինչպես եղել ես ու կաս` միշտ հավատարիմ քո արվեստին, քո խղճին: Ոչ ոք չգիտի, թե դեռ ինչքան է շարունակվելու այս համընդհանուր հոգևոր գորշությունը: Ուստի դու շատ բան ունես ասելու և անելու քեզ սիրող և համակրող ժողովրդիդ համար:
Մաղթում ենք քեզ քաջառողջություն և երկար-երկար տարիների կյանք:
Հայաստանի մտավորականների ֆորումի ավագանի և համակարգող խորհուրդ

Դիտվել է՝ 2468

Մեկնաբանություններ